Քաղաքական աճպարարություն՝ «խաղաղության աղավնու» տեսքով

Նոյեմբերի 30-ի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարված Պատարագի ընթացքում իշխող քաղաքական ուժի քարոզչական մեքենան փորձեց կիրառել քաղաքական աճպարարության հնարք՝ Փաշինյանի ավտոշարասյան վրա հանկարծ հայտնված աղավնու միջոցով։ Դեռևս պատարագը չավարտված՝ իշխանամերձ հարթակները կայծակնային արագությամբ տարածեցին այդ լուսանկարները՝ դրանք ներկայացնելով որպես իբրև «Աստծո նշան»։

Այնինչ, շատերը նկատեցին, թե նման «խաղաղության աղավնին» ինչպիսի նշան կարող էր լինել հենց այն ավտոշարասյան պայմաններում, երբ այդ մեքենաներից մեկը մի քանի տարի առաջ մահացու վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին։

Այս տեխնոլոգիան, որից օգտվել են իշխանության խորհրդատուները, նորություն չէ։ Այն թուրքական քարոզչամեքենայի դասական հնարք է, որը վերջին տասնամյակներում բազմիցս կիրառվել է Թուրքիայում՝ իշխանության քաղաքական օրակարգը «սրբացնելու» և առաջնորդին «Աստծո ընտրյալ» կերպարով ներկայացնելու նպատակով։ Օրինակ՝ 2015 թ. օգոստոսի 16-ին Ռիզեում մզկիթի բացման արարողության ժամանակ Էրդողանի գլխին «զարմանալի հանգամանքներում» հայտնված թռչունը թուրքական իշխանամերձ մամուլը նույն պահին ներկայացրեց որպես «Աստծո նշան»։ Այդ ժամանակ Էրդողանը գտնվում էր իր քաղաքական կենսագրության ամենացածր վարկանիշի փուլում, իսկ ընդդիմության ու հասարակական գործիչների դեմ բռնաճնշումները հասել էին գագաթնակետին։ «Աղավնու հրաշքը» մատուցվեց որպես «վերից ուղերձ», ինչը հանրային ընկալման վրա իրական ազդեցություն ունեցավ։

Հենց այդ փորձված մեխանիզմն էլ, ըստ աղբյուրների, որոշել են կրկնել նաև Հայաստանում՝ այս անգամ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շրջանակում։ Այսպիսով, «խաղաղության աղավնու» քաղաքական շահարկումը ոչ թե հայկական իրականությունից բխող երևույթ է, այլ թուրքական քաղտեխնոլոգիական մշակույթի ներմուծում՝ հստակ քաղաքական նպատակներով, որով փորձ է արվել հոգեբանական մանիպուլյացիայի միջոցով կոծկել Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և իշխանության առաջնորդին ներկայացնել «աստվածային նշաններով օժտված» կերպարով։ Այսինքն, անգամ սեփական լոգոն թուրքական կուսակցությունից փոխառած ՔՊ-ն այժմ էլ փոխառել է թուրք քաղտեխնոլոգների «խաղաղության աղավնի» օպերացիան՝ որպես հոգեբանական ազդեցության միջոց Հայաստանում։ Նպատակը Եկեղեցու դեմ աճող ճնշումների ֆոնին հասարակական նեգատիվը մեղմելը և Փաշինյանին «վերից եկող ընտրության» խորհրդանիշով ներկայացնելը։