ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գործողությունների հետ կապված հարցումներ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հետևել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը վերաբերող մի շարք հանգամանքների, որոնք կարող են ունենալ հանրային նշանակություն և հնարավոր քրեաիրավական բաղադրիչ։

Ավելի վաղ մեր թերթը հրապարակել էր տեղեկություններ այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին, վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ, ՊԵԿ ներսում գործող «WhatsApp» ծառայողական խմբում տրվել է ցուցում՝ Մոսկվայից Երևան ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա նույնականացնող (սերիական) թվերը չնկարելու վերաբերյալ։

Մեր աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ ընկերության կողմից ներմուծված շուրջ 2 տոննա ոսկյա ձուլակտորների վրա առկա սերիական համարները, արտադրող երկրի տվյալներն ու քաշը լուսանկարահանման միջոցով չեն ֆիքսվել։ Փոխարենը, մաքսային ծառայողները նկարահանել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ տվյալները տեսանելի չեն։

Այս իրավիճակի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը պաշտոնական հարցումներ է ուղարկել համապատասխան մարմիններին՝ պարզելու մի քանի կարևոր հարցեր։

1. Իրականացվում է արդյոք ծառայողական քննություն կամ քրեական վարույթ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարության և դրա հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։
2. Պահպանվո՞ւմ են ոսկու պարտադիր նույնականացման կարգավորումները, որոնք պահանջում են յուրաքանչյուր ձուլակտորի վրա առկա տվյալների լուսանկարահանումը։
3. Ստուգվե՞լ են ներմուծված ձուլակտորների մաքսային ձևակերպումները՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են օրենսդրության պահանջներին։
4. Տրվե՞լ է արդյոք իրավական գնահատական Ռաֆայել Զաքարյանի գործողություններին՝ որպես վարչության պետի և պետական պաշտոնատար անձի։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին տրվել է պաշտոնական պատասխան, որում նշվում է, որ նշված հանգամանքների կապակցությամբ Կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության կողմից իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ։